Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճակատագիրը բախում է մարդկության դուռը

Ճակատագիրը բախում է մարդկության դուռը
03.02.2015 | 12:11

Ճակատագրի գաղափարը վաղուց է ալեկոծել ՅՈՀԱՆՆԵՍ ԲՐԱՄՍԻՆ: Քսան տարեկանում ստեղծված դաշնամուրային 3-րդ սոնատի տրիոլային դարձվածներում արդեն իսկ արձագանքվում են ճակատագրի հարվածները:

Ըստ հունական դիցաբանության, ճակատագրի հանդեպ անզոր են նույնիսկ աստվածները:

Եվրիպիդեսի «Հերակլես» ողբերգությունում ասված է. «Ո՛վ չնչին մարդ, ինչպե՞ս ես համարձակվում ճակատագիրն անվանել անտանելի, չէ՞ որ նրան ենթարկվում են նույնիսկ աստվածները»:

Իսկ Սոֆոկլեսի «Էդիպ» ողբերգությունն ավարտվում է հետևյալ խոսքերով.

«Ահավասիկ, Էդիպը ձեզ օրինակ.

Նա` առեղծվածներ լուծող և զորավոր արքան,

Նա, ում ճակատագրին նախանձում էին բոլորը,

Այժմ տապալված է արհավիրքների ծովի մեջ,

Ահավոր անդունդն է ընկել»:

Ի դեպ, Սոֆոկլեսի ողբերգությունների գերմաներեն իր մշակումները Գուստավ Վենդտը նվիրել է Բրամսին հենց այն ժամանակ, երբ կոմպոզիտորն արարում էր ողբերգական 4-րդ սիմֆոնիան (1884-1885 թթ.):

Ճակատագրի քրիստոնեական ըմբռնումը նկատի ունի «կյանքի ուղին»` ճանապարհ, որը նախանշում է Արարիչը, սակայն մարդուն տրված է նաև ազատ կամք` ընտրելու կամ չարը, կամ բարին:

Բրամսի արվեստում ճակատագրի շառավիղը համապարփակ է, ընդգրկում է անտիկ և քրիստոնեական պատկերացումները: Այն տարածվում է և՛ նախախնամության, և՛ կենաց ու մահու, և՛ Ահեղ դատաստանի, և՛ գոյաբանական այլ խնդիրների վրա:

Ճակատագրի «լայտմոտիվը» ոսկեթելի պես անցնում է Բրամսի տարբեր գործերի միջով: Այն դղրդում է 1-ին սիմֆոնիայի լիտավրաների հարվածներում, 3-րդ սիմֆոնիայի «անողոք» տրոմբոնների «համազարկերում»` 4-րդ սիմֆոնիայում հասնելով տիեզերական ողբի: Ճակատագրի հարվածները «բախում» են մարդկության «դուռը» նաև «Պարկաների երգում», «Ճակատագրի երգում», որի հիմքը Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոնի ճակատագրի երգը» բանաստեղծությունն է` «Հիպերիոն» վեպից:

Վերջինիս ելակետը հույների ապստամբությունն է ընդդեմ թուրքերի, որը տեղի է ունեցել 1770 թ.` ռուսների օգնությամբ: Վեպի հերոս Աղաբանդան հեղափոխության, ուժի գործադրման ջատագով է, իսկ հերոսուհի Դիոթիման` կրոնական, գաղափարական դաստիարակության կողմնակից է: Եվ Դիոթիման ձգտում է իր սիրեցյալ Հիպերիոնին դարձնել իր ժողովրդի ուսուցիչ: Սակայն Հիպերիոնը միանում է Աղաբանդային, որպեսզի իրականացնի ապստամբությունը: Դիոթիման փորձում է հետ պահել նրան, ասելով. «Դու կհաղթես, բայց կմոռանաս հանուն ինչի ես հաղթել»: Չանսալով Դիոթիմային, Հիպերիոնը հակադարձում է. «Ստրկական ծառայությունը սպանում է մարդու հոգին, մինչդեռ արդար պատերազմը արթնացնում է, կյանքի կոչում յուրաքանչյուրի հոգին»:

Թեպետ ապստամբներին հաջողվում է հաղթել, սակայն սրան հաջորդում են կողոպուտն ու սպանությունները: Մի բան, որ պատմության ընթացքում հաճախ է տեղի ունեցել և՛ ռուսների, և՛ հայերի, և՛ այլ ժողովուրդների կյանքում: Ի վերջո, Հիպերիոնը հիասթափվում է, տարակուսում է. «Մի՞թե կարելի է Դրախտ կերտել ավազակների օգնությամբ»: Բայց շուտով ապստամբներին ջախջախում են: Հիպերիոնը հրաժարվում է ուժի կիրառման գաղափարից, քանզի հասկանում է, որ բռնությունը կարող է միայն հավերժացնել հասարակության նախկին արատները, բայց նոր ձևերով ու դրսևորումներով: Հիպերիոնը փրկությունը տեսնում է մարդու և հասարակության, մարդու և բնության ներդաշնակության մեջ: Հյոլդեռլինի պոեզիան վերլուծելիս փիլիսոփա Մարտին Հայդեգերը մեջբերում է հետևյալ տողերը.

… Պուրակի ծառերն են կանգնում խաղաղ արեգակի ներքո, -

Այդպես նրանք են կանգնում շնորհյալ եղանակին,

Նրանք, ում ոչ միայն վարպետ մի, այլև հրաշափառ

Ամենագո պարփակմամբ թեթև կրթում է

Բնությունը հզոր և աստվածագեղ…

(թարգմանությունը` Հակոբ ՄՈՎՍԵՍԻ)

«Բնությունը հզոր է, քանզի այն աստվածագեղ է… Այն կոչվում է գեղեցիկ, քանի որ «հրաշափառ ամենագո» է, - գրում է Հայդեգերը, - Ամենագոյությունը միմյանց դեմ է դնում ամենաբարձր երկնքի և խորագույն անդունդի ծայրագույն հակադրությունները… Ամենագոն բնությունը ձգում է և վանում: Ձգման և վանման միաժամանակությունը, սակայն, գեղեցիկի էությունն է: Գեղեցիկը թողնում է հակառակին ներկա լինել հակառակի մեջ, թողնում է նրանց առդրումը մի միասնության մեջ» (նշված գործ, էջ 323) (Հյոլդեռլին, Բանաստեղծություններ, Թարգմանությունը` Հակոբ Մովսեսի, Ե., 2002, էջ 321, 322, 323):

Նման բևեռացման վրա է կառուցված նաև «Հիպերիոնի ճակատագրի երգը» քերթվածը, ահավասիկ.

ՀԻՊԵՐԻՈՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՐԳԸ

Դուք վերևում շրջում եք լույսի մեջ,

Փխրուն հողին, երանելի ոգիներ:

Աստվածային քամիներն են շողշողուն

Թեթև հպվում ձեզ,

Ինչպես մատները նվագածուի`

Սուրբ լարերին:

Անճակատագիր, ինչպես ննջող

Ծծկեր, երկնայիններն են շնչում

Անարատ պահված

Անշուք կոկոնի մեջ`

Ծաղկում է նրանց

Ոգին հավիտենից,

Եվ նայում են խաղաղ

Աչքերը երանելի

Պարզության մեջ անմեռ:

Բայց մեզ չի տրված

Հանգիստ ոչ մի տեղ,

Չքանում են, ընկնում

Մարդիկ տառապող

Կուրորեն ընդմիշտ

Մի ժամից մյուսի մեջ,

Ինչպես ջրերը

Խութից խութ նետվող,

Տարին ընթաց, ներքև,

Դեպի անհայտություն:

Անդրադառնալով «Ճակատագրի երգին», Հակոբ Մովսեսը գրում է. «Անճակատագիր աստվածների և ճակատագրի դատապարտված մահկանացուների համադրմամբ (բայց ո՛չ հակադրմամբ) բանաստեղծության մեջ սկիզբ է դրվում նրանց հակադրամիասնական կապին, որը «Մնեմոզինե» հիմնի առաջին հատվածներում դրսևորվում է իբրև գոյաբանական-համատիեզերական միասնական գործառույթ» (նշված գործ, էջ 412):

Ահա «Մնեմոզինե» քերթվածի նշված հատվածը.

…Անկասկած է Բարձրյալը բայց: Որ կարող է օրավուր

Փոփոխանել: Նա հազիվ թե օրենքի

Հարկը ունի, ինչպես որ այն պետք է

Մարդուն ընթեր մնա…

Զի որ մահկանացուները

Ավելի շուտ են հասնում հատակը անդունդի: ՈՒրեմն և նրանցն է

Շրջադարձը: Երկար է

Ժամանակը, ճշմարիտը սակայն

Կկատարվի:

Երկնաբնակների և մահկանացուների հիշյալ բևեռացումն արտացոլվում է նաև Բրամսի կանտատում: Ըստ Կառլ Գեյրինգերի, նմանատիպ գործերում Բրամսը հետևում է բեթհովենյան սկզբունքին. այն է` խավարից դեպի լույս: Սակայն «Ճակատագրի երգում» իրադարձությունների ընթացքը հակառակն է. սկզբում պատկերվում է աստվածների երանավետ կյանքը, հետո` մարդկության ողբերգությունը: Եվ ինչպես նշում է երաժշտագետը, որպեսզի կանտատը պսակվի լույսով, Բրամսը վերջում կրկնում է աստվածային լույսով ողողված նախանվագը: Բացի այդ, քերթվածում երկնային կյանքը նկարագրված է երկու տների մեջ, մինչդեռ երկրայինին հատկացված է մեկ տուն: Այստեղ նույնպես, դասական հավասարակշռություն ստեղծելու նպատակով, կոմպոզիտորը մեկ անգամ ևս կրկնում է մարդկության ողբերգությունը պատկերող դրվագը: Գեյրինգերի կարծիքով` սա բացատրվում է նրանով, որ հոգու խորքում Բրամսը հակառակվում է այդ անմխիթար հանգուցալուծմանը մի-բեմոլ մաժորի զուգահեռ դո-մինորում:

Եթե Հյոլդեռլինի քերթվածի հակապատկերները և, առհասարակ, ցանկացած երևույթներ հաջորդում են միմյանց ժամանակի մեջ, ապա երաժշտության մեջ դրանք կարող են հանդես գալ նաև զուտ հակադրամիասնաբար, ամբիվալենտ վիճակում, այսինքն` սինխրոն, միաժամանակյա: Ավելին, այս արտահայտչամիջոցը, կարելի է ասել, երաժշտական արվեստի մենաշնորհն է: Հասարակ մի օրինակ. երկու կամ ավելի մարդկանց միաժամանակ խոսելն անհեթեթություն է, աններդաշնակություն, մինչդեռ մի խումբ մարդկանց միաժամանակյա երգեցողությունը` անսամբլը, ներդաշնակության բարձրագույն դրսևորումներից է: Հիշենք Պալեստրինայի, Բախի խմբերգերը, խորալները…

Ասվածի վառ օրինակներից է Բրամսի կանտատը: Երաժշտագետ Եկատերինա Ցարյովան նշում է. «Հյոլդեռլինի քերթվածում առկա է բաց կոնտրաստ` հակադրություն, առանց եզրակացության: Իսկ Բրամսը իր երաժշտության մեջ ասես անմիջապես միավորում է երկու հակադիր կերպարներ. գլխավոր թեման, որը մարմնավորում է «ոգու անձկությունը» («Langsam und sehnsuchtsvoll») … ընդգրկում է «ճակատագրի մոտիվը», որը, սակայն, հնչում է մի-բեմոլ մաժորի լուսավոր մթնոլորտում»:

Իսկ երկրային կյանքը արտահայտող դրվագը ծավալվում է մի-բեմոլ մաժորի զուգահեռ դո-մինորում:

Դո-մինորի պաթետիկ բնույթը մեզ հայտնի է դեռ «Կորիոլան» ողբերգության համար գրված Բեթհովենի նախերգանքից, դաշնամուրային 3-րդ կոնցերտից, 8-րդ սոնատից, որը հենց այդպես էլ կոչվում է` «Պաթետիկ», և այլ դրամատիկ գործերից:

Սակայն տոնայնությունը, հնչյունաշարը դեռ ամենը չեն, այլ ընդամենը, կարելի է ասել, համապատասխան մի «կտավ», որի մակերեսին դեռ պիտի տեղան վրձնահարվածներ: Սուր կոնտրաստներ, բախումներ ստեղծելու համար կոմպոզիտորը գործադրում է բազում այլ բաղադրիչներ: «Աստվածային» բաժնից «մարդկայինին» անցնելը տեղի է ունենում ոչ թե կտրուկ, այլ սահուն, ինչպես արևն է մայր մտնում: Հարմոնիան հետզհետե «պղտորվում» է` մաժոր կայուն եռահնչյունին հաջորդում է գերլարված փոքրացած եռահնչյունը: Ընդ որում, այդ եռահնչյունը մերթ հնչում է վերին, «երկնամերձ» ռեգիստրում, մերթ արձագանքվում բասերի խորխորատներում, սանդարամետում: Այդպիսի երկու տակտերից հետո չորս քառորդ հավասարակշիռ չափը փոխվում է երեք քառորդի, տեմպն արագանում է: Նվագախմբի ընդերքից վեր են խոյանում ու ալեկոծվում լարայինների սրընթաց տասնվեցերորդական հնչյունները և բորբոքում երգչախմբի պոռթկումնալից գոչյունները: Լարվածությունը թափ է առնում, շիկանում, հատկապես «wie Wassern Klippe zu Klippe geworfen» («Ինչպես ջրերը խութից խութ նետվող») բառերի վրա: Կրակոցների պես կտրուկ, շեշտափոխված վանկարկությունն ընդհատվում է, հանկարծակի հնչյունային «հրահեղուկի» վիթխարի զանգվածը քարանում է անդունդի եզրին: Իսկ անդունդը, վիհը սրան հաջորդող, զսպիչ պայթուցիկ պաուզան է, որից հետո հնչյունազանգվածը բախվում է «անդունդի ժայռերին»: Մարդկային ողբերգությունը պատկերող այս տան կրկնությունը` «երկրորդ ալիքը», վեր խոյանալով խորխորատներից, վերածվում է, այսպես ասած, «իններորդ ալիքի», որն ավելի մեծ ուժով է նվաճում լարման գագաթնակետը: (Այս ալեկոծումները հիշեցնում են Բրամսի «Գերմանական ռեքվիեմի» 6-րդ մասի այն դրվագը, որտեղ, նույն լարայինների ալեկոծումներով բորբոքված, երգչախումբը բացականչում է. «Ո՞Ւր է, մահ, քո խայթոցը, ո՞ւր է, դժոխք, քո հաղթությունը»): «Ճակատագրի երգ»-ի 3-րդ տան առաջին և երկրորդ ալիքների կատարին, գլխավոր պաուզայից հետո «jahrlang» (տարին ընթաց) և «hinab» (ներքև) բառերի վրա, տեղի է ունենում երկու ակորդային ժայթքում` երկու «ֆորտե» ուժգնությամբ: Այս և մերձակայքում հանդիպող նույնատիպ ակորդները փոքրացած սեպտակորդի շրջվածքներ են: Նույն ակորդը վեր է խոյանում և Մոցարտի «Ռեքվիեմի» «Kyrie eleison» (Տեր, ողորմյա) կրկնակի ֆուգայում, ակորդ` «ժայռ», որին բախվում է ֆուգայի ամբողջ հնչյունազանգվածը: Պարզապես Բրամսի պարագայում պաուզան նախորդում է ակորդին, իսկ Մոցարտի մոտ այդ պայթուցիկ պաուզան հաջորդում է ակորդին: «Ճակատագրի երգ»-ի նշված հատվածին համահունչ` «Ռեքվիեմի» այս դրվագի մասին Հերման Աբերտը գրել է. «Երգիչների աչքերի առջև ծառանում է մեդուզայի զարհուրելի պատկերը: Ֆուգայի 2-րդ թեման հանկարծակի քարանում է ընդհատված կադենցիայի փոքրացած ակորդի և սրան հաջորդող լարված, սարսափազդու պաուզայի վրա»:

Դառնալով «Ճակատագրի երգ»-ի հիշյալ փոքրացած, «աստերոիդի» պես գերխտացված ակորդին, նշենք, որ դրանց «պայթյունից», տրոհումից գոյացած «շղթայական ռեակցիայից» հետո գահավիժող հնչյունազանգվածը նմանվում է նաև անդունդ գլորվող ժայռաբեկորների, ինչը համահունչ է «Ungewisse hinab» (դեպի ներքև` անհայտություն) խոսքերին:

Այս ցնցումից հետո բավական ժամանակ է պահանջվում շիկացած էներգիան, իներցիան կասեցնելու, պարպելու համար: Լարայինների հարմոնիկ ֆիգուրացիան, շարժումն արգելակող, երկարաձիգ հնչյունները, լիտավրաների ավելի քան 40 տակտ կրկնվող «դո» հնչյունը, որոնցից հետո լուսավոր դո-մաժորում Բրամսը կրկնում է «աստվածային» նախանվագը, որով ամփոփվում է «Ճակատագրի երգ»-ը: Եվ նախընթաց բուռն ալեկոծումներից հետո այս վերջաբանն ընկալվում է որպես մարդկության արցունքների «Նիագարայից» և աստվածային լույսից շաղախված հաշտության ծիածան: Այն հիշեցնում է համաշխարհային ջրհեղեղից հետո Արարչի և մարդկության հաշտության ուխտի տիեզերասփյուռ ծիածանը:

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ